Աշուն օր

Սևուկ ամպեր վար եկան
Օրան, օրան,
Սարի վրա շար եկան։
Ծագեց առավոտ
Պաղեց, սառավ օդ։

Գոռաց երկինք, բուք արավ,
Հևաց, հևաց.
Ծերուկ երկիր սուգ արավ։
Ճաքեց հեռուն ամպ,
Երկիր դողաց-բա՛մբ։

Բողբոջ արև շող կապեց,
Դողաց, սողաց,
Արյուն-ամպից քող կապեց։
Վառեց լեռան լանջ,
Լեռան ցավատանջ։

Տեղաց անձրև մաղ տալով,
Մարմանդ-մարմանդ,
Հոգնած տերև շաղ տալով։
Երկիր քուն դրավ,
Եվ թռչուն թռավ։

Հուզված առուն փախ տվավ
Սողուն-սողուն,
Ձորում մշուշ կախ տվավ։
Քամին ելավ վեր,
Արավ տարուբեր։

Մոխիր ամպեր ժիր եկան
Դալուկ-դալուկ,
Սարի վրա ցիր եկան։
Հալեց աշուն օր
Կյանքիս սևավոր։

https://www.youtube.com/watch?v=69mIlj2EY3k

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծության միջից դուրս գրեք այն հատվածը, որտեղ նկարագրված է արևածագը:
  2. Բանաստեղծության ո՛ր հատվածներից եք հասկանում, որ աշուն է: գունավորեք այդ հատվածները:
  3. Բանաստեղծության մեջ գտեք և մեկ բառով բացատրեք հետևյալ արտահայտությունները՝ ցիր եկան, կախ տվավ, փախ տվավ, քուն դրավ, վար եկան, շող կապեց:
  4. Բանաստեղծության տուներից մեկը paint ծրագրով նկարեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *