Անանուխ, շրթնազգիների ընտանիքին պատկանող կոճղարմատավոր, բազմամյա խոտաբույս։ Մշակովի անանուխը (լատիներեն անվանումը՝ Mentha Piperita L.) ունի հակադիր, սուր ատամնավոր եզրերով, ձվաձև կամ նշտարաձև տերեևներ, կարմրավուն մանր ձողիկներ։ Բույսի ցեղի «Մենթա» անվանումը ծագել է հին հունական դիցաբանության հավերժահարս Մինթայի անունից։
Հայկական տարանուններն են անանեխ, անուխ, դաղձ, նանա, պիտնա, պուտինա, քարանուխ, քարընշուշ։ Հենվելով ուկրաինական ժողովրդական բժշկության և սեփական փորձերի վրա, անանուխի վերաբերյալ ուշագրավ տվյալներ են նշում հայր և որդի Նոսալները։Այսպես, անանուխը լավացնում է մարսողությունը, օժտված է փքահան և քրտնամուղ հատկություններով, լավ արդյունք է տալիս տհաճ բղկոցների ժամանակ։
Բաղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսի վերգետնյա մասը պարունակում է եթերայուղ, որի քանակը ծաղիկներում կազմում է 4 – 6, տերևներում՝ 2.4 – 2.75, իսկ ցողուններում՝ մինչև 0.3 տոկոս։ Այն ստացվում է ջրային գոլորշիների միջոցով թրմման եղանակով։ Նրա հիմնական մասը (41 – 65%) երկրորդային սպիրտ մենթոլ է։ Բույսում կան նաև մենթոն, պինեն, լիմոնեն, դիպենտեն, ցինեոլ և այլ արժեքավոր նյութեր։
Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժման նպատակով օգտագործում են բույսի տերևները։ Բժշկության մեջ կիրառվում է ոչ միայն բուսահումքի, այլև նրանից ստացվող եթերայուղի ձևով։ Անանուխը անհիշելի ժամանակներից հայտնի է եղել մարդկությանը։ Միջնադարում գտնում էին, որ անանուխի հոտն ակտիվացնում է ուղեղի աշխատանքը։ Ավիցեննան դեղաբույսը լայնորեն օգտագործել է գլխացավերի, մելանխոլիայի, տեսողության թուլության, ականջների խշշոցի, քթային արյունահոսության, վատ հոտի, խոցերի, բերանի լորձաթաղանթի բորբոքումների, ատամնացավի, ատամի փտախտի, անգինայի, շնչարգելության, ասթմայի, հազի, ստամոքսի բորբոքումների դեպքերում։
Մխիթար Հերացին բույսն օգտագործել է որպես ցավազրկող և թարմացնող միջոց, նողկանքի, փսխման և լուծերի դեպքերում։
2-4 կաթիլ անանուխի յուղը մի կտոր շաքարի վրա օգնում է անցկացնել փորացավը[1]։
Անանուխը նաև օգտագործվում է սննդի մեջ։ Այն ավելացնում են կարկանդակներին, աղցաններին, պանրին, բանջարեղենով և մսով ճաշերին։ Նրանով համեմում են թեյը, լիկյորը, հրուշակեղենը, օգտագործում են նաև կոսմետիկայում։